ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լոտո՞ն կփրկե

Լոտո՞ն կփրկե
12.12.2008 | 00:00

ԴԱԿՈՒՄ ԵՆՔ ԱԶԳՈՎԻՆ
Դեռևս 2008 թ. օգոստոսի 21-ին Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով խրախուսվում է ծախսերի հիմնավորման համար տնտեսավարողների մոտ ՀԴՄ-ի կտրոնների առկայությունը: Այսինքն, եթե առաջ կարելի էր ՀԴՄ-ի կտրոններով և համապատասխան փաստաթղթի պարագայում 1 մլն դրամի ծախս ցույց տալ, ապա 2009 թ. հունվարի 1-ից այդ շեմը բարձրացվել է 36 մլն դրամի: Սրանով պետությունը ցանկանում է զարկ տալ տնտեսավարողների միջև գործարքների իրականացման ժամանակ հսկիչ դրամարկղային կտրոնների շրջանառության ավելացմանը և հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող սուբյեկտների իրական շրջանառության ծավալների բացահայտմանը: Ըստ պետեկամուտների կոմիտեի հարկային հաշվառման և հսկողության բաժնի պետ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, այս պարագայում միգուցե իրացման ծավալներն ավելի շատ լինեն, և արդյունքում պետությունն ունենա պետական բյուջեի ոչ թե լրացուցիչ եկամուտներ, այլ իրական ծավալների աճ:
Եվ չնայած հարկային մարմինների ձեռքում վարչարարական գործիքներ կան, այսինքն` ՀԴՄ-ի կտրոն չտրամադրելու համար կիրառվում են պետական ներգործության միջոցներ` տուգանքներ, սակայն պետությունը ցանկանում է նաև այլ միջոցներով բարձրացնել ՀԴՄ-ների շրջանառությունը: Սակայն հաջորդ տարի ևս միջին և փոքր ձեռնարկատերերի համար, որոնց ապրանքաշրջանառությունը չի գերազանցի 58,3 մլն դրամի շեմը, կպահպանվի ՀԴՄ-ի կտրոններ չտրամադրելու դեպքում առաջին անգամ 75000, երկրորդ անգամ` 150000 դրամի տուգանքը:
Պարոն Մանուկյանը նաև ընդգծեց, որ եթե շահութահարկի գումարը քիչ ցույց տալու համար կիրառվում է տվյալ մնացորդային ապրանքի գումարի 50 տոկոսի չափով տուգանք, և դա խոշոր տնտեսավարողի մոտ խոշոր գումար է, փոքրի մոտ` փոքր, ապա ՀԴՄ-ի կտրոն չտրամադրելու պարագայում մոտեցումը պետք է լինի նույնը: Իհարկե, վարչարարության խնդիրն այն է, որ սուպերմարկետում օրը 20 անգամ կարող են մտնել և տուգանել, իսկ մանրը, միայն մեկ անգամ տուգանվելով, դրվում է ծանր վիճակի մեջ և ստիպված է լինում ՀԴՄ-ի կտրոն տրամադրել: Սակայն, որպեսզի պետությունը չգնա պետական կոպիտ ներգործության մեթոդների ճանապարհով, Հայաստանում որոշվել է ՀԴՄ-ի կտրոնների համարակալման միջոցով անցկացնել վիճակահանություն, որը սպառողներիս համար ունի խրախուսական նշանակություն:
Այս համակարգը կիրառվել է Չինաստանում, Թայվանում` մոտ 20 տարի, հարևան Ադրբեջանում մեքենա է դրվում խաղարկության, ՌԴ-ում են կիրառել, Ղրղզստանում, Ղազախստանում դրա ճանապարհին են, Մոլդովայում` ևս: Հայաստանում հաշվի է առնվել այն, որ մեր ժողովրդի մեջ ազարտի ձգտումը մեծ է, և պատահական չէ լոտոների տարածվածության մակարդակը: Իսկ հիմա, ի տարբերություն այն լոտոների, որոնք, համենայն դեպս, պարոն Մանուկյանը չի ընդունում, սպառողն իր կտրոնի համար չի վճարում, նա ամեն օր գնումներ է կատարում և ընդամենը պետք է պահանջի ՀԴՄ-ի կտրոնը: Իսկ ինչպե՞ս է ապահովվելու խաղարկությունը, և ի՞նչ ձևով է կիրառվելու: 2009-ից բոլոր տնտեսավարող սուբյեկտները ապահովվելու են համապատասխան ժապավեններով (իսկ դրանց պատրաստման համար արդեն իսկ մրցույթ է հայտարարված), որտեղ նշված են այն բոլոր տեխնիկական պայմանները, որոնց պետք է համապատասխանի կտրոնը: Ներկայիս ՀԴՄ-ի կտրոնները, որոնք տնտեսավարող սուբյեկտները ձեռք են բերում ծախսերը հիմնավորելու համար, միայն 1-2 ամիս են դիմանում, և նրանց վրա գրվածը շատ շուտ ջնջվում է: Իսկ այժմ պահանջն այնպիսին է, որ վրայի պատկերի կամ գրվածքի պահպանությունը պետք է լինի առնվազն 3 տարի: Համենայն դեպս, համաշխարհային շուկայում կան թղթեր, որոնք մինչև 5 տարվա պահպանման ժամկետ ունեն: Ըստ գործող օրենսդրության` փաստաթղթերը պետք է առնվազն երեք տարի պահպանվեն տնտեսավարողի մոտ:
Մրցույթի արդյունքում դեկտեմբեր ամսին կբացվեն ներկայացված հայտերը, և կգնահատվեն առաջարկները: Հաղթող ընկերությունը նախ պետք է հիմնավորի տեխնիկական պահանջներին բավարարող սկզբունքները, այդ ժապավեններն իրացնելու իր մոդելը, տեխնիկական առաջադրանքի ծրագիր պետք է ներկայացնի առ այն, թե ինչպես են հաշվարկվելու կտրոնների համարները, և հաջորդ գլխավոր պայմանը` գնային առաջարկը: Պետությունն այստեղ ոչինչ ձեռք չի բերում, և խոսքը պետական գնումների օրենքի մասին չէ: Մեկ ամիս է պահանջվել, որպեսզի ուսումնասիրվեն բոլոր հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական կողմերը, և այնպիսի պահանջներ են դրվել, որ այդ ժապավենները համապատասխանեն դրանց, ինչպես նաև տպվող ժապավենի երկարությունը և լայնությունը: Հաղթողը պետք է տեղեկացվի, թե ինչպիսի դրամարկղեր կան, և տպողը պետք է հենց այդպիսի ժապավեններ պատվիրի: Գնային առաջարկը ներկայացնելուց հետո նախապատվությունը տրվելու է նրանց, որոնք կապահովեն տեխնիկական պայմանները և, ամենակարևորը, ամենացածր գինը կառաջարկեն: Այն կազմակերպությունը, որը կհաղթի, պետեկամուտների կոմիտեի կողմից կստանա հավաստագիր, որպեսզի այդ ժապավենների ներկրման և իրացման շրջանում դրանց համարների վերահսկման համակարգ ունենա: Պարոն Մանուկյանը հավաստիացրեց, որ տնտեսավարողների համար ժապավենների գնի բարձրացում չի լինի:
ՀԴՄ-ի կտրոնների վիճակահանությունն անցկացվելու է այն ժամանակ, երբ պետեկամուտների կոմիտեն հայտարարի այդ մասին, և դրան հաջորդող ամսվա առաջին հնգօրյակում կկայանա վիճակահանությունը, որին կմասնակցեն միայն նախորդ ամսում տրամադրված ՀԴՄ-ի կտրոնները: Պետական բյուջեից, որպես շահումային ֆոնդ, համապատասխան միջոցներ են հատկացվել: Շահողների առավելագույն թվաքանակը 10000 է, որոնք կշահեն 5 հազարից 5 մլն դրամ: Սակայն, որպեսզի գնորդները հետամուտ լինեն իրենց տրամադրված կտրոնի իրական դրամային ծավալի արտացոլմանը և համաձայնության չգան, որ ՀԴՄ-ում ցածր գին արտացոլվի, լրացուցիչ խրախուսման միջոց է կիրառվելու` բոնուս: Գնված ապրանքի մեջ քանի անգամ կրկնվի 1000 դրամը, շահողն այդքան կստանա դրա ընդհանուրի 1 տոկոսը: Եթե գնումը, ասենք, 10000 դրամի է, ապա 5 մլն շահելու պարագայում կստանա այդ գումարը և հավելյալ 10 տոկոս , այսինքն` 500000 դրամ:
Լինելու են 8 թափանցիկ արկղեր, համապատասխան գնդեր, համարները` 1-ից մինչև 8 թվերը: Մասնակիցները կլինեն 5 փոխնախարար և վաճառականների միության ներկայացուցիչներ, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպաններ: Վիճակահանության ընթացքում կհանվեն շահող ութ թվերը: Եթե միևնույն թիվն ութ անգամ կրկնվի, ապա շահումը կկազմի 5 մլն դրամ: Սակայն եթե ՀԴՄ-ի կտրոնները շատ կիրառվեն, և այնպես ստացվի, որ ժապավենների խմբաքանակները շուտ սպառվեն, ապա կարող է լինել 2 կամ 3 հատ 5 մլն-ի շահում:
Շահումները լինելու են հետևյալը. 4 թիվ` 9000 հոգի, 5000 դրամ, 900 հոգի կշահի 20000, 90 հոգի` 100000, 9 հոգի` 500000 և մեկը` 5 մլն դրամ, ընդամենը 10000 հոգի: Շահումների քանակը կախված է խփված ՀԴՄ-ների քանակից: Ակցիայի ամբողջ իմաստն այն է, որ ամսվա ընթացքում տրամադրված ամբողջ խմբաքանակը սպառվի, և շահումներ լինեն: Թվերի կոմբինացիան պետեկամուտների կոմիտեն է տալու, որպեսզի դրանք իրար հետևից չկրկնվեն, և միայն մեկ խանութից շահողներ չլինեն: Շահումները տրվելու են ֆինանսների նախարարության պետական գանձապետական բաժանմունքներից: Պետք է ներկայացնել շահող ՀԴՄ-ի իրական կտրոնը, անձնագիրը և 2 օրից ստանալ պարգևը: Կտրոնները ստուգվելու են, քանի որ դրանք ունենալու են պաշտպանության 4 աստիճան:
Արդյո՞ւնքը։ Հարկային թերվճարումների գծով Չինաստանը 12 մլրդ դոլար էր կորցնում, ստվերային շրջանառությունը 10-15 տոկոս էր: 1991-1995 թթ. Չինաստանում հարկային եկամուտներն ավելացել են համապատասխանաբար 14 և 11,5 տոկոսներով: Իսկ Հայաստանում սպասվում է իրական հավաքագրված եկամուտների 40 տոկոս աճ:
Ինչպես ասում են, աշխարհում ֆինանսական ճգնաժամ է, իսկ Հայաստանը, գուցե, լոտոն փրկի, այս անգամ` պետական:
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7835

Մեկնաբանություններ